Ճապոնիայի հավաքականը մոտ էր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն զիջեց մրցակցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Ծագող արևի երկրի հավաքականը 1/8 եզրափակչում հանդիպեց ԱԱ-ի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։
Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում և գրանցվեց ընդամենը մեկ գոլ․ խաղակեսի վերջում հանդիպման հաշիվը բացեց Մաեդան։
Երկրորդ խաղակեսն ավելի հարուստ էր իրադարձություններով, բայց երկրորդ կեսում ևս գրանցվեց միայն մեկ գոլ։ Հանդիպման 55-րդ րոպեին Պերիշիչը հավասարեցնում է հաշիվը՝ 1-1։
Թիմերն այս հաշվով ավարտեցին հանդիպման հիմանական ժամանակը։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին և լուսատախտակին հաշիվը մնաց անփոփոխ։
Իսկ ահա հետխաղյա 11 մետրանոց հարվածաշում ավելի դիպուկ գտնվեցին խորվաթները՝ պատմության մեջ երրորդ անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ։