Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հաստատել է, որ Ռահիմ Սթերլինգը մեկնել է Մեծ Բրիտանիա.
«Ես իսկապես չգիտեմ՝ արդյոք Սթերլինգն այս առաջնությունում դեռ կխաղա՞, թե՞ ոչ: Նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի անցկացնի իր ընտանիքի հետ և հաղթահարի այս իրավիճակը: Չեմ ցանկանում ինչ-որ ճնշում գործադրել նրա վրա: Երբեմն ֆուտբոլն ամենակարևորը չէ, ընտանիքը պետք է լինի առաջին տեղում: Հիմա նրա համար առաջնայինն ընտանիքի հետ լինելն է: Մենք աջակցում ենք նրան և կտանք այնքան ժամանակ, որքան՝ նրան պետք կլինի: Այո, նա տուն է գնացել»,- Սաութգեյթի խոսքերն է փոխանցում Daily Express-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սթերլինգի՝ Լոնդոնում գտնվող տունը զինված անձինք կողոպտել են, մինչ նա գտնվել է Կատարում:
Որպեսզի համոզվի իր հարազատների անվտանգության հարցում՝ Ռահիմը որոշել է վերադառնալ Մեծ Բրիտանիա: Եթե նա համոզվի, որ իր հարազատների հետ ամեն ինչ կարգին է, նա հույս ունի վերադառնալ Կատար: