Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» այսօր՝ նոյեմբերի 3-ին, սեփական հարկի տակ կընդունի շվեյցարական «Բազելին» և հաղթանակի դեպքում եվրագավաթային փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր կնվաճի։ Խաղը կմեկնարկի ժամը 21։45-ին։
Երևանյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն այսօրվա խաղից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում․
«Բոլորիդ հորդորում եմ այցելել «Հանրապետական» մարզադաշտ և աջակցել «Փյունիկին» այսօրվա գերկարևոր խաղում: «Փյունիկը» իմ ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր ակումբներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը, և ցանկությունս մեկն է, որ հայկական ակումբային ֆուտբոլի դրոշակակիրն այսօրվա խաղում հաղթի «Բազելին» և անցնի փլեյ-oֆֆ փուլ:
Առանձին ուզում եմ նշել Եղիշե Մելիքյանին, որի հետ երկար տարիներ խաղացել ենք հավաքականում և նրան նույնպես մաղթում եմ հաղթական ավարտ այսօրվա խաղում»,- գրել է Պաչաջյանը՝ արխիվային լուսանկար հրապարակելով։