Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։
Արդեն կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։
«Մենք հյուրընկալ ազգ ենք: Թող մինչև վաղը վայելեն մեր երկիրը մեր հյուրերը, իսկ երբ որ խաղը սկսվեց, մենք մարտական տրամադրված ենք լինելու ու շատ մեծ ցանկությամբ իրենց հաղթելու: Մենք անելու ենք այն ինչ որ պարտավոր ենք՝ հաղթել ու գնալ առաջ: Ամեն դեպքում տրամադրված ենք: Մենք փորձառու թիմ ենք ու լարվածություն չունենք, քանի որ դա մեզ խանգարելու է: Մենք պրոֆեսիոնալներ ենք ու այն դժբախտ խաղը որ ստացվեց՝ օրեր առաջ Սլովանին պարտվելը, դա էլ հաղթահարեցինք: Այո, պատասխանատվություն զգում ենք, բայց դա մեզ կօգնի, ոչ թե կվնասի: Մենք պատրաստ ենք ու կարծում եմ որ խնդիրներ չունենք: Մինչև վերջ դուխով պայքարելու ենք հաջողության հասնելու համար: Երբ որ ասում եմ, որ մենք հաղթելու ենք, չի նշանակում որ հույսս դրել եմ վստահության վրա: Մենք ունենք լավ մարզչական շտաբ ու պատրաստ ենք այս խաղին: Եթե ստացվի մեր պլանավորածը տեղափոխել խաղադաշտ, ուրեմն հաջողությունը մեզ հետ կլինի: Մենք վաղը պետք է մեր երկրպագուների համար տոն սարքենք ու դրական տրամադրությամբ հեռանանք մեկս մյուսից: Պարտության ու հաղթանակի դեպքում ես շատ հպարտ եմ, որ ունեմ այսպիսի թիմ: Այն նվիրվածությունը, որը ես զգում եմ որպես մարզիչ ֆուտբոլիստների մոտ, զգում եմ նաև երկրպագուների մոտ: Շատ շնորհակալ եմ երկրպագուներից, որ հավատում են մեզ ու աջակցում: Իսկ այն մասը, որոնք չեն աջակցում, կաշխատենք վաղը այնպես անել, որ փոխվի նրանց տրամադրվածությունը մեզ համար: Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղեկավարությանը, որը ամեն ինչով օգնում է մեզ»,-ասաց Մելիքյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վաղը ՀՖՖ-ն որոշում է կայացնելու «Ուրարտու»-«Նոա» խաղի հետ կապված, Մելիքյանն ասաց.
«Ինչ վերաբերվում է «Ուրարտու»-«Նոա» խաղին, դա մեր ֆուտբոլի կանոնադրության հարցն է, այսօր չէի ուզի խոսել դրա մասին, հիմա կենտրոնացած ենք մեր խաղի վրա: Ուղղակի կասեմ, որ օրենք կա ու կտեսնենք օրենքը կաշխատի թե չէ, մենք հետևողական կլինենք, բայց հիմա չէի ցանկանա մանրանալ այդ հարցում»,-ասաց Մելիքյանը:
«Փյունիկ» – «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3–ին ու կսկսվի 21։45–ին։
























































