«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ծրագրերում չկա 35-ամյա արգենտինացու հետ գործող համաձայնագիրը երկարաձգելու տարբերակի ակտիվացում։ Ակումբը մտադիր է համոզել խաղացողին նոր պայմանագիր կնքել 2 տարով։
ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ Մեսսին կարիերան ավարտի փարիզյան թիմում, քանի որ արգենտինացին մեծ իմիջային և տնտեսական ակտիվ է: Ակումբը մտադիր է ավելի սերտորեն կապել Մեսսիի կերպարն իր հետ։ ՊՍԺ-ն ծրագրում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել Մեսսիի հետ, որպեսզի համաձայնության գա մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը, իսկ մրցաշարից հետո պաշտոնապես հայտարարի պայմանագրի մասին։
Մեսսին ՊՍԺ-ում է 2021 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում նա փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը, սակայն գործարքը ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին կարող է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2000 թվականից մինչև 2021 թվականի ամառ։
























































