Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Բրատիսլավայում կմրցի «Սլովանի» հետ:
Երևանյան թիմի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Բրատիսլավայում պատասխանել է հայ լրագրողների հարցերին.
-Մեզ վաղը սպասվում է եզրափակիչի արժեք ունեցող խաղ: Թիմը որքանո՞վ է պատրաստ վաղվա խաղին:
-Իհարկե, թիմը հասկանում է խաղի լրջությունը, քանի որ մենք հասել ենք այն կետին, որ այս խաղով շատ բան կարող է որոշվել ու կարող ենք հայկական ֆուտբոլը բարձրացնել ավելի բարձր մակարդակի: Մենք զգում ենք այդ ամենի պատասխանատվությունը: Մենք խաղալու ենք ոչ միայն Փյունիկի՝ այլ հայկական ֆուտբոլի համար: Եթե մենք կատարենք մեր առջև դրած խնդիրը, վստահ եմ, որ հայկական ֆուտբոլի հանդեպ հարգանքը Եվրոպայում կմեծանա: Այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է ու դա հասկանում են մարզիչներ ու ֆուտբոլիստները: Բոլորը շատ լուրջ են տրամադրված:
-Սլովանի մարզադաշտը շատ գեղեցիկ կառույց է, կարո՞ղ ենք հույս ունենալ, որ մոտ ապագայում մենք էլ կունենանք այսպիսի մարզադաշտ:
-Ազնիվ ասեմ, իմ երազանքն է դա: Ես պլանավորում եմ ակումբի համար կառուցել մարզադաշտ, քանի որ ակումբը ակումբ է, երբ ունի իր տունը, իսկ այսօր մենք, կարելի է ասել, վարձով ենք ապրում: Ցավոք, Հայաստանում մենք չունենք այնպիսի մարզադաշտ, որ բավարարի ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի պահանջներին: Այսօր մենք ունենք այդպիսի մարզադաշտի կարիքը, ու ես հուսով եմ, որ այդ հարցը կլուծենք: Մենք հիմա բանակցությունների մեջ ենք տարածքի համար, եթե տրամադրեն տարածքը, ես կկառուցեմ բոլոր ստանդարտներին համապատասխան մարզադաշտ:
Երվանդ Հակոբյան՝ Սլովակիայից
























































