«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Ադամա Տրաորեն խոսել է Իսպանիայի առաջնություն և Իսպանիայի հավաքական վերադառնալու իր մտադրության մասին․
«Իհարկե, ես մտադիր եմ վերադառնալ Իսպանիա։ Իսպանիան այն երկիրն է, որը ես սիրում եմ։ Ես այնտեղ եմ ծնվել։ Ակնհայտ է, որ ցանկանում եմ վերադառնալ, բայց ամեն ինչ իր ժամանակին։ Չգիտեմ, թե կոնկրետ որ ակումբ կտեղափոխվեմ, բայց անպայման կվերադառնամ իմ տուն։ Բայց հիմա ես կենտրոնացած եմ մրցաշրջանի վրա և շարունակում եմ աճել։
Աշխարհի առաջնությո՞ւնը․ այո, ես խոսել եմ Լուիս Էնրիկեի հետ։ Կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի մասնակցեմ աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ՝ դա յուրաքանչյուր խաղացողի երազանքն է, բայց որոշումը մարզիչն է կայացնում, և, եթե նա ինձ հրավիրի, ես պատրաստ կլինեմ։ Հավաքականի կազմում խաղալը, հավաքականի գույները պաշտպանելը երազանք է յուրաքանչյուր իսպանացի խաղացողի համար»,- Տրաորեի խոսքերն է փոխանցում AS-ը։
Տրաորեն «Վուլվերհեմփթոն» է վերադարձել կես տարի վարձակալությամբ «Բարսելոնայում» անցկացնելուց հետո։ Այս մրցաշրջանում իսպանացին ԱՊԼ 8 հանդիպման է մասնակցել, որոնցում խփել է 1 գոլ։
























































