«Բարսելոնան» այսօր՝ փետրվարի 19-ին, կհայտարարի «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայտվայտի տեղափոխության մասին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբն արդեն հայտնել է Պրիմերայի ղեկավարությանը ֆուտբոլիստի տրանսֆերը 18 մլն եվրոյի դիմաց իրականացնելու մասին:
Հենց այսքան գումար է նշված 28-ամյա ֆուտբոլիստի՝ «Լեգանեսի» հետ պայմանագրում որպես հրաժարագին:
Ավելի վաղ Պրիմերան «Բարսելոնային» թույլ էր տվել մեկ խաղացողի հայտավորել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո՝ կապված մի շարք վնասվածքների հետ: Լուիս Սուարեսն ու Ուսման Դեմբելեն վնասվածքներ են ստացել, ինչը նրանց, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Բրայտվայտը «Լեգանեսի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Նա 2019 թվականի հունվարից է հանդես գալիս իսպանական ակումբում, ուր տեղափոխվել էր «Միդլսբրոյից»: