Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» շարունակում է պայքարը եվրագավաթներում։ Օրերս Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում հաղթեց Լիտվայի չեմպիոնին, որի հետ հոկտեմբերի 13-ին ուժերը կչափի արդեն արտագնա խաղում։
ArmSport-ը «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ խոսել է ինչպես թիմի, այնպես էլ հավաքականի ելույթների մասին։
-Հովհաննես, սկսենք վերջից. ի՞նչ կասես «Ժալգիրիսի» դեմ խաղի մասին:
-Շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել և 3 միավոր վաստակել։ Լավ թիմի դեմ էինք խաղում, բայց մենք ևս լավ խաղացինք։
-Մի քանի օրից արդեն հյուրի կարգավիճակով կհանդիպեք նրանց. այս հաղթանակն ավելորդ հանգստություն չի՞ տա:
-Մենք ցանկացած խաղի դաշտ ենք դուրս գալիս հաղթելու նպատակով։ Մենք չպետք է մտածենք հանգստանալու մասին, որովհետև ամեն խաղ կարևոր է միավոր վաստակելու առումով։
-«Բազելին» տանը հնարավո՞ր է հաղթել և եթե այո, ինչի՞ հաշվին:
-Իհարկե, «Բազելը» բարձրակարգ ակումբ է, բայց առաջին խաղում էլ ցույց տվեցինք, որ կարող ենք մրցակցել, իսկ տանը, մեր երկրպագուների և թիմային ոգու շնորհիվ, կարող ենք հաղթել։
-«Փյունիկը» բա՞րդ խմբում է հայտնվել:
-Այո՛, դժվար խումբ է, բոլորն էլ լավ թիմեր են։
— Ի՞նչ սպասել այս մրցաշարում թիմից:
-Ինչպես արդեն նշեցի՝ մենք յուրաքանչյուր խաղի փորձում ենք հաղթել ու այս մրցաշարում էլ ցանկանում ենք դուրս գալ խմբից։
-Դուք միևնույն ժամանակ խաղեր եք անցկացնում նաև Հայաստանի առաջնությունում, այստեղ ո՞րն է թիմի առաջադրանքը:
-Թիմի առաջադրանքը բոլոր մրցաշարերում նույնն է՝ միայն հաղթանակ։
-Առհասարակ, «Փյունիկը» մեծ թափ է հավաքել այս տարի, ո՞րն է հաջողության բանալին։
-Իմ կարծիքով՝ հենց թիմային ոգու շնորհիվ է, որ կարողանում ենք մրցակցել բոլորի հետ։
-Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Եղիշե Մելիքյանը մոտիվացնում ձեզ խաղերից առաջ:
-Թիմն ունի առաջադրանք և մենք փորձում ենք իրականացնել այն․ դա արդեն մոտիվացիա է։
-Իսկ ի՞նչ է կատարվում հանդերձարանում ընդմիջման ժամանակ։
-Ընդմիջումից հետո բոլորս հանգստանում ենք և լսում մարզչի հրահանգները։
-Դու ի՞նչ մարզավիճակում ես, գո՞հ ես քո խաղից:
-Իմ կարծիքով՝ ես լավ մարզավիճակում եմ գտնվում։
— Ո՞վ է քո ամենամեծ քննադատը:
-Ես ինքս իմ ամենամեծ քննադատն եմ։
-Իսկ ո՞վ է քեզ ամենից շատ աջակցում:
-Ընտանիքիս անդամները։
-Ո՞վ երբեք բաց չի թողնում քո խաղերը:
-Ծնողներս։
-Ո՞ւմ կարծիքն է քեզ համար ամենակարևորը ֆուտբոլային հարցերի շուրջ:
-Մարզչի։
— Ո՞վ է քեզ առաջին անգամ ֆուտբոլի տարել:
-Ծնողներս։
-Ե՞րբ էր դա ու ինչպե՞ս էր այդ որոշումը կայացվել:
-5 տարեկանում եմ առաջին անգամ գնացել ֆուտբոլի։ Ծնողներս, տեսնելով իմ սերը ֆուտբոլի հանդեպ, տարել են ինձ այդ մարզաձևին։
-Հայկական թիմերից բացի, հանդես ես եկել նաև Սլովակիայի «Միխայլովցե» ակումբում. ի՞նչ է տվել քեզ այդ փորձը:
-Արտասահմանում, այլ առաջնությունում խաղալն արդեն մեծ փորձ է։ Ցավոք, վնասվածք ստացա ու վերադարձա, բայց այնտեղ նույնպես կրթվել եմ որպես ֆուտբոլիստ։
-Արդեն նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող ես. ի՞նչ զգացում է առաջացնում հավաքականի կազմում դաշտ դուրս գալը:
-Հավաքականում խաղալն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է։ Քո ազգը ներկայացնելը մեծ պատիվ է։
-Կամփոփե՞ս հավաքականի վերջին խաղերը, ի՞նչը չէր ստացվում թիմի մոտ։
-Մենք խաղում էինք դժվար մրցակիցների հետ և շատ հաղթանակներ տանել չստացվեց։
-Ի՞նչ տվեց քեզ Խոակին Կապառոսի հետ աշխատելը:
-Անվանի մարզչի հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ էր։
-Հայաստանի հավաքականն իմացավ Եվրո-2024-ի իր մրցակիցներին, ի՞նչ կասես այդ մասին։
-Դժվար մրցակիցներ են, բայց պետք է փորձենք առավելագույնն անել, որպեսզի կարողանանք շատ միավորներ վաստակել։
Ստելլա Բաբլոյան