Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը, որում Հայաստանի չեմպիոնը 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ավարտին տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հիշատակը, սակայն երևանյան թիմի երկրպագուները ցուցադրաբար խախտեցին լռության րոպեն։ Այսօր «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ բացատրելով երկրպագուների նմանօրինակ պահվածքի շարժառիթը․
«Երկու օր առաջ կայացած «Փյունիկ» — «Ժալգիրիս» խաղի ժամանակ մեր ֆան ակումբը դեմոնստրատիվ խախտեց լռության րոպեն, որը նվիրված էր Ինդոնեզիայի զոհերի հիշատակին։
Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈՒԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։