«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը շարունակում է վերականգնվել՝ մարզումներ անցկացնելով ընդհանուր խմբի հետ:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է ֆուտբոլիստի մարզման լուսանկարները և հույս հայտնել, որ 24-ամյա ֆուտբոլիստը շուտով կվերադառնա խաղադաշտ.
«Մեր ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել։ Հույս ունենք նրան շուտով տեսնել խաղադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հուլիսին Վարդանյանը ենթարկվել է ծնկի հոդի վիրահատական միջամտության, որն անցել է բարեհաջող։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վարդանյանի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 3 ամիս։
Հավելենք, որ սա կիսապաշտպանի մոտ վաղուց ստացած վնասվածքի կրկնությունն էր, ինչի պատճառով բաց էր թողել առաջնության վերջին հանդիպումները։