Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է վաղը՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք Իռլանդիայի հետ խաղի մասին։ Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։
«Վաղը մենք երկու կարևոր նպատակ ունենք։ Առաջին նպատակն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որոնք ստեղծվեցին վերջին խաղից հետո։ Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին։ Մյուս նպատակն է՝ պահպանել տեղը այս խմբում։ Դա բարդ խնդիր է։
Իհարկե, մեր երկրապագուները, ինչպես նաև բոլոր պրոֆեսիոնալները շատ մեծ ցավ էին ապրել նախորդ խաղից հետո։ Մենք այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի հետ խաղից հետո։
Հարոյանը և Սպերցյանը վերադարձել են կազմ։ Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որը դեռ շատ աճելու տեղ ունի։ Հարոյանը մեր ավագն է։ Նա ուժեղ բնավորություն ունի։ Նրա ներկայությունը մեծ նշանակություն ունի մեր համար։ Հույս ունենք, որ վաղը երկուսն էլ կլինեն մեկնարկային կազմում։ Թիմում վնասվածքներ չունենք»,- ասել է Կապառոսը նախախաղային ասուլիսի ժամանակ։























































