ՀՊԼ 8-րդ տուրի շրջանակում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս մրցել է «Նոայի» հետ և 3-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Հանդիպումը կայացել է Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում:
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացել է տանտերերի 18-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանը: Գյումրեցիների կազմում հաշիվը 34-րդ րոպեին հավասարեցրել է Արտեմ Գևորգյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվի պայմաններում:
«Շիրակի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ են անցկացրել երկրորդ խաղակեսը՝ 3 րոպեում 2 գոլ խփելով և հաղթանակ տանելով: Հանդիպման 67-րդ րոպեին գյումրեցիների կազմում խփած գնդակով աչքի է ընկել Դոնալդ Կադիոն, իսկ 70-րդ րոպեին «Նոայի» դարպասը գրավել է Մուսա Բակայոկոն:
Այս հանդիպումից հետո «Շիրակն» իր միավորների թիվը հասցրել է 8-ի և շարունակում է ՀՊԼ -ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Նոան» 2 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: