«Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ջիովանի Սիմեոնեն իր նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում և գոլի հեղինակ դարձել, ինչն էլ իտալական թիմին օգնել է 4-1 հաշվով ջախջախել «Լիվերպուլին»:
Դիեգո Սիմեոնեի որդին շատ էմոցիոնալ է տոնել այդ գոլը:
Հատկանշական է՝ դեռ փոքր ժամանակ Ջովանին դաջվածք է արել Չեմպիոնների լիգայի տարբերանշանով և կարևոր խոստում տվել.
«Ես 13 տարեկան էի, երբ առաջին դաջվածքս արեցի: Դաջվածք անելու համար պետք է 18 տարեկան լինես, բայց ես Չեմպիոնների լիգայի մեծ երկրպագուն էի, ու 13-ում որոշեցի մրցաշարի տարբերանշանը դաջել ձեռքիս: Հայրս չէր ցանկանում, որ ես դա անեի, իսկ մայրս հարցրեց. «Ինչո՞ւ»: Ես պատասխանեցի՝ «Մի օր ես կխաղամ այդ մրցաշարում և գոլ կխփեմ: Այդ ժամանակ էլ կհամբուրեմ դաջվածքս»: 13 տարեկանում ես մի բանի մասին էի մտածում՝ «Եվրոպա, Եվրոպա, Եվրոպա»:
Խոստումը կատարելու համար Ջիովանիից 14 տարի պահանջվեց. 27 տարեկանում Ջովանին փոխարինման մտավ «Լիվերպուլի» դեմ խաղի 41-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Օսիմխենին, իսկ արդեն 43-րդ րոպեին գրավեց Ալիսոնի պաշտպանած դարպասը: Իհարկե, առաջին բանը, որ նա արեց՝ դաջվածքը համբուրելն էր: