Հայտնի են դարձել «Բարսելոնայի» և թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Լեհ հարձակվողը կատալոնական ակումբ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հայտնել են SER Catalonia-ի Què T’hi Jugues հաղորդման ժամանակ, ֆուտբոլիստի պայմանագիրն ամեն տարի փոփոխվելու է։ Ընթացիկ մրցաշրջանի համար հարձակվողը հարկերը հանած ստանալու է 10 մլն եվրո, հաջորդ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 13, իսկ 2024-25 թթ․ մրցաշրջանում կլինի 16 մլն եվրո։ 2025-26 թթ․ մրցաշրջանում Լևանդովսկիի աշխատավարձը նորից կդառնա 13 մլն եվրո։
Բացի այդ, նշվում է, որ «Բարսան» կարող է խզել ֆուտբոլիստի պայմանագիրը, եթե 2024-25 թթ․ մրցաշրջանում Լևանդովսկին 55 տոկոսից քիչ խաղերի մասնակցի։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 4 խաղում Լևանդովսկին դարձել է 5 գոլի հեղինակ։























































