«Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում:
Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Իսկ ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:
2022 թվականի հունիսի 27-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ Դմիտրի Գունկոյի պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ էլ նա պայմանագիր ստորագրեց ու ներկայացվեց որպես «Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» և Ռոբերտ Արզումանյանը, ով թիմի ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտից, դադարեցրել էին համագործակցությունը նախորդ շաբաթ։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։
























































