Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնաբանել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում «Արարատին» որպես մրցակից բաժին է հասել Հս․Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիա» ակումբը:
«Կարծում եմ հնարավոր ամենաբարդ մրցակիցներից մեկն է «Շկենդիան» և առաջիկա օրերին մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք թիմին: Գիտենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի լավագույն ակումբներից է և ունի լավ ավանդույթներ:
Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն այժմ հավասար եմ գնահատում: Հանդիպումներին կպատրաստվենք մեր մարզաբազայում: Մինչև «Շկենդիայի» դեմ խաղերը կանցկացնենք երկու ստուգողական հանդիպում և կփորձենք հնարավորինս պատրաստ ներկայանալ այս խաղերին»,- մեջբերում է Արամ Ոսկանյանին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։