Հունիսի 14-ին Երևանում կայանալիք Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից առաջ տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսին Կապառոսի հետ ներկայացավ մեր թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
«Իռլանդիան և Շոտլանդիան հավասարազոր թիմեր են և նրանց միջև խաղի արդյունքն անակնկալ չէր․ նույն հաշվով կարող էր հաղթել Շոտլանդիան։
Կարող եմ ասել, որ գրաֆիկը շատ խիտ է, ժամանակ չունենք անցյալում եղածի մասին շատ մտածելու։ Վաղը կարևոր խաղ ունենք, որը որոշիչ խաղերից մեկն է լինելու։ Պետք է լավ խաղանք, որ ուրախացնենք մեր ազգին։
Եթե խաղում ենք Բ խմբում, նշանակում է՝ արժանի ենք դրան։ Ճիշտ է, այստեղ մրցակիցներն ավելի ուժեղ են, քան Ց խմբում, բայց ամեն խաղ տարբեր է։ Կարող եմ ասել, որ հնարավոր է խաղալ այդպիսի թիմերի դեմ։ Հուսամ՝ վաղվա խաղը դիտարժան կլինի ու կկարողանանք ցանկալի արդյունքի հասնել։
Շոտլանդիան ուժեղ հավաքական է։ Խաղացողները բարձր մակարդակով են հանդես գալիս։ Դրսում այդպիսի թիմի դեմ խաղալը դժվար է, վաղվա խաղը, կարծում եմ, նմանատիպ կլինի, բայց մենք սպասել ենք այս խաղին, կփորձենք անել առավելագույնը»,- ասաց Վահանը։