Վաղը Հայաստանի ազգային հավաքականն իր երրորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի Լիգայի B դիվիզիոնում։ Մեր առաջիկա մրցակիցը Ուկրաինայի հավաքականն է, որը մեր ընտրանու և Շոտլանդիայի պես ունի երեք միավոր, սակայն մեր համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Փորձենք հասկանալ՝ ինչ սպասել Ուկրաինայի ազգային թիմից։ Ուկրաինացիները ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակչում 0-4 հաշվով պարտվեցին Անգլիային և լքեցին մրցաշարը։ Դրանից հետո հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեյ Շևչենկոյին փոխարինեց 64-ամյա Ալեքսանդր Պետրակովը։ Այս փորձառու մարզչի ղեկավարությամբ Ուկրաինան հավաքականների մակարդակով անցկացրել է 10 հանդիպում (Չհաշված մի քանի ակումբների հետ ընկերական խաղերը), որոնցում տոնել է հինգ հաղթանակ, չորս խաղ ավարտել ոչ-ոքի և կրել ընդամենը մեկ պարտություն։
Որպեսզի ավելի պատկերավոր կարծիք կազմենք, խոսենք մեր մրցակցի նախորդ երեք հանդիպումներից, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի օրվա ընթացքում։ Այդ խաղերից առաջինում Ուկրաինան խաղում էր Շոտլանդիայի դեմ, որի հետ ընդգրկված են մեր խմբում, սակայն այդ խաղով կողմերը պայքարում էին Կատար 2022-ի ուղեգրի համար։
Պետրակովի թիմը խաղադաշտ դուրս եկավ 4-3-3 դասավորությամբ և մրցակցին հաղթեց 3-1 հաշվով։ Մեկնարկային կազմի հինգ ֆուտբոլիստներ համարվում էին արտերկրի ակումբների խաղացողներ, ևս վեցը ներկայացնում էին ուկրաինական ակումբներ։ Գիտենք, որ հայտնի պատճառներով Ուկրաինայի առաջնությունը ձմռանը դադարեցվեց, և ֆուտբոլիստները զրկվեցին խաղալու հնարավորությունից։ Վերջին ժամանակահատվածում այդ բացը լրացնելու համար Ուկրաինան մի քանի ընկերական հանդիպում էր կազմակերպել իտալական ակումբների հետ։
Պետրակովի սաները կարծես լուրջ խնդիրների չբախվեցին այն Շոտլանդիայի դեմ խաղում, որը երեք օր առաջ ոչ մի շանս չտվեց մեր ընտրանուն։ Այդ խաղում ուկրաինացիները գնդակը վերահսկեցին ժամանակի 58% դեպքում և առնվազն հավասար ցուցանիշներ գրանցեցին վիճակագրական մնացած ասպեկտներում։ Տպավորիչ էր ուկրաինացիների փոխանցումների ճշգրտությունը, որոնց ընդհանուր փոխանցումների 84,9%-ը հասել էր նպատակին։ Այս փաստին դեռևս կանդրադառնանք։
Ուկրաինայի հավաքականի ամենահզոր գիծը կարելի է համարել կիսապաշտպանության կենտրոնը, որտեղ հանդես են գալիս բազմափորձ Տարաս Ստեպանենկոն, Ալեքսանդր Զինչենկոն և Ռուսլան Մալինովսկին։ Ստեպանենկոն ավելի շատ կատարում է մրցակցի գրոհները «քանդողի» պարտականություններ, իսկ Մալինովսկին և Զինչենկոն կառուցում են թիմի գրոհները։ Հենց այս երկու ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ է Ուկրաինան այդքան լավ վերահսկում գնդակը և կարողանում այդքան շատ ճշգրիտ փոխանցումներ կատարել։
Հաղթելով Շոտլանդիային՝ Պետրակովի թիմը աշխարհի առաջնության բաղձալի ուղեգրի համար վճռորոշ խաղում մրցեց Ուելսի դեմ։ Առաջ ընկնելով՝ նշեմ, որ ուկրաինացիները ինքնագոլի պատճառով 0-1 հաշվով պարտվեցին և զրկվեցին Կատար 2022-ից։ Այդ խաղում Պետրակովը ամբողջությամբ նույնը թողեց թե՛ խաղային սխեման, թե՛ մեկնարկային 11 ֆուտբոլիստներին։ Շոտլանդիայի դեմ խաղի համեմատ Ուկրաինան է՛լ ավելի բարելավեց ճշգրիտ փոխանցումների վիճակագրությունը՝ այս անգամ նպատակին հասցնելով դրանց 86,5%-ը։ Ամենաուշագրավն այն է, որ երկրորդ խաղակեսում Պետրակովը կատարեց չորս փոփոխություն՝ որքան կատարել էր Շոտլանդիայի դեմ խաղում, և երկու դեպքում էլ ամբողջությամբ նույն պատկերն էր՝ նույն ֆուտբոլիստները փոխարինեցին միևնույն խաղընկերներին։
Ուկրաինայի հավաքականի պահեստայինների նստարանին մեծապես ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ են, որոնք վերջին ամիսներին չեն ստացել խաղային պրակտիկա։ Դա է պատճառը, որ Պետրակովը երկրորդ խաղակեսերում երկու խաղում էլ օգտվեց այն ֆուտբոլիստների ծառայություններից, որոնք քիչ, թե շատ պատրաստ էին այդ պահին օգտակար լինելու։
Իսկ ահա նախորդ խաղում, որտեղ Ուկրաինան մրցեց Իռլանդիայի դեմ՝ մեկնարկելով Ազգերի Լիգայում, պատկերը գրեթե 100%-ով այլ էր։ Նախ, այս անգամ Պետրակովը հանդիպումը սկսեց երեք կենտրոնական պաշտպանով։ Սա շատ հետաքրքիր տարբերակ էր, քանի որ նախորդ երկու խաղում չորս պաշտպանով խաղը կարելի էր հաջողված համարել։ Մեկնարկային կազմում նախորդ երկու խաղերի համեմատ կատարվել էր 10 փոփոխություն։ Բացառությամբ Վիտալի Միկոլենկոյի, մնացած բոլոր դիրքերում նոր խաղացողներ էին։ Միկոլենկոն էլ այս անգամ ձախ պաշտպանի փոխարեն կատարում էր ձախ լատերալի պարտականություններ։
Պետրակովի այս որոշումը թերևս պայմանավորված էր երկու հանգամանքով։ Նախ, շատ կարճ ժամանակահատվածում թիմն անցկացնում էր երրորդ հանդիպումը, և առանց ռոտացիայի դաշտ դուրս գալը գործնականում կարող էր կործանարար լինել։ Հաջորդ հանգամանքը կարող է լինել այն, որ 64-ամյա մասնագետը գիտակցեց, որ նախորդ երկու հանդիպման երկրորդ խաղակեսերում շատ տարբերակներ չուներ՝ խաղի ընթացքը փոխելու համար, և պետք էր խաղաժամանակ տրամադրել մնացած խաղացողներին, որպեսզի վերջիններս զգան խաղի ռիթմը։ Ամեն դեպքում միանգամից 10 խաղացողի փոփոխությունն ինչ-որ չափ զարմանալի էր։
Ուկրաինան 1-0 հաշվով հաղթեց Իռլանդիային և անգամ այս փորձարարական կազմով ավելի լավ տեսք ուներ։ Կրկին փոխանցումների հիանալի ճշգրտություն՝ 86,2%, գնդակի ավելի շատ վերահսկում, և մնացած առումներով էլ Զինչենկոն ու ընկերները չզիջեցին Իռլանդիային։
Ինչու՞ եմ այսքան շատ կենտրոնանում մրցակցի փոխանցումների ճշգրտության վրա, քանի որ նրանք այդ առավելությունը ստանում են հիմնականում խաղադաշտի կենտրոնում՝ Զինչենկոյի և Մալինովսկու շնորհիվ։ Միկոլենկոն և Կարավաևն էլ կարողանում են երկու եզրերով ապահովել անհրաժեշտ օգնությունը։
Առաջիկա խաղում շատ բան կախված կլինի մեր հավաքականի հենակետային կիսապաշտպանների ցուցադրած խաղից։ Մենք բազմիցս համոզվել ենք՝ եթե մրցակիցը դաշտի կենտրոնում մեզ զրկում է գնդակից, Հայաստանի հավաքականը միանգամից ձեռքից բաց է թողնում խաղի թելը։ Այս պարագայում Կապառոսը պետք է մեկնարկային րոպեներից ավելի համարձակ խաղ առաջարկի մրցակցին՝ փորձելով պաշտպանությունը կառուցել հնարավորինս բարձրից։
Այո, Ուկրաինան շատ զորեղ թիմ ունի։ Նրանք թերևս ֆիզիկապես զիջում են շոտլանդացիներին, սակայն տեխնիկական հագեցվածության հաշվին ամբողջությամբ լրացնում են այդ բացը։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ մեր հավաքականը, կարգապահ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում, ավելի շատ շանսեր և գոլային պահեր կարող է ունենալ, քան նախորդ խաղում էր։ Պարզապես Ուկրաինայի հավաքականի խաղաոճն այնպիսին է, որ մրցակիցները կարող են ավելի հեշտ բացեր գտնել՝ ի տարբերություն շոտլանդացիների առաջարկած արագաուժային ֆուտբոլի։
Շոտլանդիայի դեմ հանդիպումից հետո հայ ֆուտբոլասերի դժգոհությունն ավելի շատ կապված էր ոչ թե արդյունքի, այլ մեր ընտրանու ցուցադրած խաղի որակի հետ։ Հասկանալի է՝ կային մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, սակայն Ուկրաինայի դեմ խաղին պետք է մոտենալ ավելի համարձակ և նախաձեռնողական տրամադրությամբ, այլապես մրցակիցը նույն կերպ կփակի մեր «շնչուղիները», ինչպես դա արեց Շոտլանդիան։
Սուրեն Մելիքսեթյան