ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է իր ապագայի թեմային։ Հարձակվողը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող։
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները նշում էին, որ ֆրանսիացին արդեն համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Միշտ հաճելի է այստեղ լինելը: Միշտ մեծ պատիվ է, դրա համար էլ պնդեցի, որ ներկա լինեմ այստեղ։ Երրորդ անգամ անընդմեջ հաղթելն անհավանական է։ Շնորհակալություն ՊՍԺ-ին, իմ թիմակիցներին, մարզչին, բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են ստվերում։ Մենք հպարտանում ենք մեր տասներորդ տիտղոսով։ Այս տարի, ինչպես երբեք, ես զգացի այս ճանաչումն ու այս հիացմունքը, շնորհակալություն բոլորիդ։
Ես սխալվեցի երեք տարի առաջ արարողության ժամանակ։ Ցանկանում եմ մասնակցել արարողությանը, ոչ թե փառքի ձգտել։ Մենք շատ շուտով կիմանանք իմ ապագայի մասին։ Իմ ընտրությունը կատարվել է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: