«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա թիմից.
«Նոյեմբերին խոսել եմ Լուիսի հետ: Դա երկար, դաժան, բայց անկեղծ զրույց էր: Երկու կողմերն էլ ներկայացրին, թե իրենց ներկան և ապագան ինչպես են տեսնում: Այդ պահից սկսած մեզնից յուրաքանչյուրը հարգում է դիմացի որոշումը: Այդ իսկ պատճառով ես շնորհակալ եմ նրան»,- ասել է Սիմեոնեն:
Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին: Սուարեսը մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել է 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը պատրաստ է աշխատավարձի կրճատման գնալ, եթե առաջարկ ստանա «Բարսելոնայից»: