«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեդ Սթար» թիմը գնելու անհաջող փորձի մասին։ Պիկեն գլխավորում էր համընկերությունը, որը փորձում էր ձեռք բերել ակումբը։
«Մենք «Ռեդ Սթարը» գնելու եզրին էինք։ Ցավոք, բանակցություններից մի փոքր ուշացանք, բայց ես գնացի Փարիզ, տեսա մարզադաշտը, խոսեցի Պատրիս Հադադի հետ, որն այն ժամանակ սեփականատերն էր։
Ինձ դա հետաքրքրել էր, որովհետև «Անդորրան» գնելուց հետո գործերը լավ են ընթանում։ Մենք գնել էինք 5-րդ դիվիզիոնի ակումբ, իսկ հիմա առաջին անգամ այն դուրս բերեցինք 3-րդ դիվիզիոն։ Ուզում ենք այս մոդելը նաև այլ ակումբում ներդնել։
«Ռեդ Սթարը» իր պատմության, երկրպագուների, մարզադաշտի վերակառուցման շնորհիվ մեզ միանգամից դուր եկավ։ Վերջին պահին մենք շատ լավ առաջարկ արեցինք, բայց գործարքը չկայացավ»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք՝ 2019-ից Պիկեն իսպանական «Անդորրա» ակումբի սեփականատերն է։