Բասկետբոլի Ա-Լիգայի բոլոր խաղերի արդյունքում բասկետբոլիստները վաստակել են 20845 միավոր, որը Ա-Լիգայի և Vbet-ի կողմից «Միավորվենք» արշավի շրջանակում վերածվել է նույնքան ԱՄՆ դոլարի և կծառայի բասկետբոլային խաղահրապարակի կառուցմանը:
Բասկետբոլի Ա-Լիգայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Գյումրու ավագանու կողմից իրենք արդեն ստացել են տարածքի հատկացման որոշումը և արդեն մի քանի ամիս անց Գյումրիում տեղի կունենա բասկետբոլի նոր բացօթյա խաղահրապարակի բացումը։
Նշենք՝ «Արցախի» բասկետբոլիստ Ջասթին Սաթոնը ամենամեծ ներդրումն է ունեել արշավի բյուջեին՝ իր վաստակած 909 միավորով: Նրան հաջորդել են Դեոն Ուայթը «Ուրարտուից» (722) և Օմեգա Հարիսը «Էրեբունիից» (641):
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին ավարտվել է Vbet Ա-Լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը: «Էրեբունին» եզրափակիչ շարքի չորրորդ խաղում հաղթել է «Ուրարտուին» (109:107) և դարձել 2022թ. Հայաստանի չեմպիոն: Թիմը լավագույնն էր նաև կանոնավոր առաջնության արդյունքներով: «Էրեբունին» առաջին անգամ է հաղթել Vbet Ա-Լիգայում։