Կարագանդայի «Շախտյորի» 26-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը գոլի հեղինակ է դարձել ղազախական թիմի կազմում՝ բացելով իր գոլերի հաշիվը ակումբում։
Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել է «Մաքտարալին» և 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Առաջին կեսից հետո հաշիվը 3-0 է եղել տանտերերի օգտին, իսկ Ավետիսյանը երկրորդ կեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4-0։
«Մաքտարալը» մեկ գնդակ ետ է բերել միայն խաղավարտին՝ 88-րդ րոպեին՝ ինքնագոլի շնորհիվ։
Պետրոս Ավետիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Անցկացրած 4 տուրից հետո «Շախտյորը» 10 միավոր ունի և ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Մաքտարալը» 5 խաղից հետո 1 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է վերջին՝ 14-րդ տեղում։