«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանից» կրած նվազագույն հաշվով պարտությունը։
«Լավ էինք սկսել, գերազանցում էինք մրցակցին։ Գուցե, որոշ իրավիճակներում պիտի այլ ընտրություն անեինք, բայց ընդմիջումից հետո մի քանի սխալ թույլ տվեցինք ու բավականաչափ գոլային պահեր չստեղծեցինք։ Մենք գոլ բաց թողեցինք, որից կարելի էր խուսափել, իսկ դրանից հետո «Միլանը» գերազանց պաշտպանվեց։
Եթե մրցաշարային աղյուսակի վերևում գտնվող թիմերի հետ խաղանք այնպես, ինչպես այսօր, մակարդակը կբարձրանա։ Եթե չես կարողանում հաղթահարել ճնշումը, հաղթելն անհնարին է դառնում։ Դա է մակարդակը, որը պետք է հաղթահարես Նեապոլի պես քաղաքում։ Եթե չես կարողանում հաղթահարել ճնշումը, պիտի հեռանաս։ Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ վաղն առավոտյան ես այստեղ կլինեմ մարզումային ծրագրով։ Եթե կարծում եք, թե վաղը չեմ վերադառնալու աշխատանքի, սխալվում եք»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
























































