«Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա կիսապաշտպանն իր առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»)։ 11 տարեկանում նա տեղափոխվել է իսպանական «Բարսելոնայի» ակադեմիա։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Վարդանյանն սկսել է «Միկա» ֆուտբոլային ակումբում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշելով իր նորամուտը 2016 թվականի մայիսի 18-ին «Փյունիկի» հետ խաղում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև երևանյան «Փյունիկի» և ռուսական «Սոչիի» կազմում, որտեղից էլ վերադարձել է հարազատ «Ուրարտու»։
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան — Բոսնիա և Հերցեգովինա խաղում։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Էրիկ Վարդանյանին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և հաջող ելույթներ մաղթում կարիերայում։