ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում տեղի ունեցան աշխարհի առաջնության որակավորման փուլի 11-րդ տուրի հանդիպումները։
Կոստա Ռիկայի հավաքականը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց Ճամայկային։ Միակ և հաղթական գոլը 62-րդ րոպեին խփեց Ժոել Քեմփբելը։
Մեքսիկան նույն հաշվով առավելության հասավ Պանամայի նկատմամբ։ «Ացտեկների» հաղթական գոլի հեղինակը դարձավ Ռաուլ Խիմենեսը, որը 80-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
ԱՄՆ-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Հոնդուրասի դարպասը։ Աչքի ընկան Ուեսթոն Մաքքեննին, Ուոլքեր Ցիմմերմանը և Քրիստիան Պուլիշիչը։
Վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարավ Կանադայի հավաքականը՝ այս անգամ մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասնելով Էլ Սալվադորի նկատմամբ։ Կանադացիների կազմում գոլի հեղինակ դարձան Թեյջոն Բյուկենենը և Աթիբա Հաթչինսոնը։
Կանադան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԱՄՆ-ն և Մեքսիկան վաստակել են 21-ական միավոր։
























































