«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2, լ. ժ.):
«Մենք դեռ մինչև ընդմիջում արժանի էինք հաշվի մեջ ավելի առաջ լինելուն, քան՝ մեկ գոլով: «Բարսելոնան» շատ անսպասելի հավասարեցրեց հաշիվը՝ երկրորդ կեսին ավելացված րոպեին, բայց մենք բնավորություն և կամք դրսևորեցինք, մենք արժանի էինք հաղթանակի: Ես երբեք չեմ մոռանա այս գիշերը, այն առանձնահատուկ էր»,- Մարսելինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է Բիլբաոյի «Սան-Մամես» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 3-2 հաշվով հաղթանակով: Նախորդ մրցաշարում հաղթանակ էր տարել «Բարսելոնան»: 2021 թվականի եզրափակչում կատալոնացիները հաղթել էին հենց «Ատլետիկին»՝ 4-0 հաշվով: Նշենք՝ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիր է: Թիմը 31 անգամ է դարձել Իսպանիայի գավաթակիր: