Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կհեռանա իսպանական ակումբից, եթե ակումբը ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
34-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը տեղեկացրել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին իր կարիերան թիմում շարունակելու ցանկության մասին, սակայն նա կմտածի հեռանալու մասին, եթե Հոլանդը պայմանագիր ստորագրի ակումբի հետ։
Եվ ընդհակառակը, Բենզեման կարող է մնալ «Ռեալում», եթե «սերուցքայինները» ձեռք բերեն ՊՍԺ-ից իր հայրենակից Կիլիան Մբապեին:
Այս մրցաշրջանում Բենզեման Լա Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Բենզեման նաև Չեմպիոնների լիգայի հինգ խաղում խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































