«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, որին թուրինյան ակումբը վարձակալել է Մադրիդի «Ատլետիկոյից», առաջվա պես ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Չավին մշտապես զանգահարում է ֆուտբոլիստին, ինչպես դա անում էր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերան Տորեսի պարագայում, երբ վերջինս տեղափոխվում էր «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում:
«Յուվենտուսն» ամռանը չի ակտիվացնի 29-ամյա Մորատային ձեռք բերելու կետը 40 մլն եվրոյի դիմաց, բայց պատրաստ չէ նրան բաց թողնել հունվարին, քանի դեռ փոխարինող չի գտել նրա համար:
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականին:
























































