ԱՊԼ-ի շրջանակում այսօր ընթանում են 16-րդ տուրի հանդիպումները։
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Ասթոն Վիլային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ «Էնֆիլդում» կայացած խաղի միակ գնդակը 65-րդ րոպեին հեղինակել է Մոհամեդ Սալահը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ասթոն Վիլան» 19 միավորով 12-րդ տեղում է։
Տուրի մյուս խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունել է «Լիդս Յունայթեդին» և 3-2 հաշվով հաղթանակ կորզել։
27-րդ րոպեին կապույտների պաշտպան Մարկոս Ալոնսոն սեփական տուգանայինում հաղթել է կանոնները, ինչից հետո մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Չելսիի» դարպասին։ Այն անվրեպ է իրացրել «Լիդսի» հարձակվող Ռաֆայելը։ Առաջին կեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, «Չելսիի» ֆուտբոլիստները հավասարեցրել է հաշիվը․ Մեյսոն Մաունտն է խփել պատասխան գնդակը։
59-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի է ընկել արդեն «Չելսիի» իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։ 83-րդ րոպեին «Լիդսի» հարձակվող Ջո Ջելհարտը հավասարեցրել է հաշիվը։ Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել «Չելսիի» օգտին, որը դարձյալ անվրեպ է իրացրել Ժորժինյոն։
«Չելսին» 36 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Լիդս Յունայթեդը» 16 միավորով 15-րդ տեղում է։
ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում Լոնդոնում այսօր ևս մեկ խաղ է կայացել․«Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալն» ընդունել է «Սաութհեմփթոնին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Լակազետը, 6 րոպե անց Մարտին Էդեգորը կրկնապատկել է «զինագործների» առավելությունը, իսկ 62-րդ րոպեին Գաբրիելը հաշիվը դարձրել է խոշոր՝ 3-0։
«Արսենալը» 26 միավոր է վաստակել 16 խաղից հետո և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Սաութհեմփթոնը» 16-րդ տեղում է։
























































