«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը պաշտոնապես փոխել է ազգանունը: Այժմ նրա փաստաթղթերում կգրվի «Էնես Կանտեր Ֆրիդոմ»: «Կանտերը» դարձել է բասկետբոլիստի երկրորդ անունը, իսկ «Ֆրիդոմը» (Ազատություն) պաշտոնապես նրա նոր ազգանունն է:
Երկուշաբթի օրը Կանտեր-Ֆրիդոմը նոր անձնագիր կստանա և կդառնա ԱՄՆ-ի քաղաքացի:

29-ամյա Կանտերը, որը ծնվել է Շվեյցարիայում, մշտապես աչքի է ընկել Էրդողանի ռեժիմի դեմ իր քննադատությամբ: 2020 թվականի դեկտեմբերին նա նամակ էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որում մասնավորապես գրել էր. «Թուրքական խելագար ռեժիմը մերկացնելու շատ քայլեր եմ ձեռնարկել ու շարունակում եմ ձեռնարկել, ու դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել, եթե մենք համախմբվենք ու մնանք միասնական:
Էրդողանի վերաբերմունքը ոչ միայն ձեր ազգի, այլև մյուսների նկատմամբ զզվելի է, հիասթափեցնող ու տխուր:
Ձեր ցավն իմ ցավն է: Այս հարցում մենք միասնական ենք»:




























































