Եվրոպայում երեկ կայացել են ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումները։
Այս խաղերի արդյունքներով որոշվել են ընտրական փուլի փլեյ-օֆֆի մասնակիցները։ Այդ հավաքականներն են Ռուսաստանի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ուելսի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները, ինչպես նաև Չեխիայի և Ավստրիայի հավաքականները՝ Ազգերի Լիգայից։
12 հավաքականները փլեյ-օֆֆում կբաժանվեն երեք կվարտետների, որոնց արդյունքներով յուրաքանչյուր քառյակի հաղթողը, այսինքն՝ 3 հավաքական, ձեռք կբերի ԱԱ-2022-ի ուղեգիր։ Եթե ավելի պարզ, 12 հավաքականները կբաժանվեն 3 խմբերի, սակայն այդ խմբերում հանդիպումները կանցկացվեն ոչ թե խմբային փուլի սկզբունքներով (բոլոր թիմերը կխաղան միմյանց դեմ), այլ՝ կիսաեզրափակչով և եզրափակչով։
Օրինակ՝ Ուելսի, Իտալիայի, Շվեդիայի և Չեխիայի հավաքականները, վիճակահանության արդյունքներով, կազմում են առաջին կվարտետը։ Նույն վիճակահանությամբ՝ Ուեսլին բաժին է հասնում Իտալիան, իսկ Շվեդիային՝ Չեխիան որպես մրցակից։ Այս զույգերի հաղթողները հանդիպում են եզրափակչում, իսկ եզրափակչի հաղթողը նվաճում է ԱԱ ուղեգիր։
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 26-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան 2022 թվականի մարտի 24-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 29-ին։
























































