Մունդիալ 2022-ի որակավորման փուլում այսօր կկայանան մի շարք հանդիպումներ։
A խմբում Ադրբեջանի հավաքականը կընդունի Լյուքսեմբուրգին: Պորտուգալիան Ռոնալդուի գլխավորությամբ կմեկնի Իռլանդիա: Պորտուգալացիները խմբում 2-րդ են` 1 միավորով զիջում են Սերբիային:
B խմբում Վրաստանը կմրցի Շվեդիայի հետ, իսկ Իսպանիան կհյուրընկալվի Հունաստանին: Այս խմբում 15 միավորով առաջատարը շվեդներն են, նրանցից 2 միավորով ետ են մնում իսպանացիները: Հունաստանը 9 միավորով` երրորդն է:
H խմբում Ռուսաստանի ընտրանին կհանդիպի Կիպրոսի հավաքականի հետ: Խորվաթիան արտագնա հանդիպում կանցկացնի Մալթայի հետ: Սլովակիան սեփական հարկի տակ կընդունի Սլովենիային:
Խմբի առաջատարը Ռուսաստանն է 19 միավորով, Խորվաթիան 17 միավորով երկրորդն է, Սլովենիան ու Սլովակիան 10-ական միավորով կիսում են 3-4 հորիզոնականները:
J խմբում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Գերմանիան կհյուրընկալի Լիխտենշտեյնին, իսկ Ռումինիան և Իսլանդիան ուժերը կչափեն Բուխարեստում: Մեր խմբում առաջատարը Բունդեսթիմն է 21 միավորով, Ռումինիան` 13-ով երկրորդն է: Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն հավասար 12 միավոր և գտնվում են 3-4 հորիզոնականներում:























































