«Բարսելոնան» և «Բոկա Խունիորսը» ընկերական խաղ կանցկացնեն 2020 թվականի նոյեմբերի 25-ին կյանքից հեռացած Դիեգո Մարադոնայի հիշատակին։
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Խաղը նվիրված կլինի լեգենդար արգենտինացու մահվան առաջին տարելիցին։
Մարադոնան 1981-ից 1982, ինչպես նաև 1995-ից 1997 թվականներին հանդես է եկել «Բոկա Խունիորսում»։ Արգենտինական ակումբի հետ նա դարձել է երկրի չեմպիոն։
«Բարսելոնայի» կազմում Մարադոնան խաղացել է 1982-ից 1984 թվականներին։ Կատալոնական ակումբի կազմում արգենտինացին նվաճել է Իսպանիայի Գավաթը, Լիգայի Գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
Մարադոնան կյանքից հեռացել է 60 տարեկան հասակում։