VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Արարատը» կընդունի «Վանին»․ հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Այս մասին Չարենցավանը ներկայացնող ակումբը հետաքրքիր գրառում է կատարել՝ անդրադառնալով թիմի հաջող վիճակագրությանը Հայաստանի մարզերում անցկացրած խաղերում․
«Շատ ուրախ ենք, որ «Արարատ»-ի հետ հանդիպումը կկայանա Հայաստանի մարզերից մեկում՝ Շիրակում:
Քանի որ մինչ այս մենք անց ենք կացրել 6 հանդիպում Հայաստանի տարբեր մարզերում՝ հաղթելով հինգում և մեկը ավարտելով ոչ-ոքի:
Ընդ որում, այդ 6 հանդիպումներում բաց ենք թողել ընդամենը մեկ գնդակ: Այնպես, որ մեծ ոգևորությամբ սպասում ենք վաղվա հանդիպմանը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
«Արարատ»-«Վան» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի ժամը 13։45-ին։ Այս հանդիպումից առաջ Վարդան Բիչախչյանի թիմը 19 միավորով զբաղեցնում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Վանը» 9 միավորով 7-րդ տեղում է։