«Բարսելոնան» հույս ունի,որ նոր տիտղոսային հովանավորի հետ պայմանագրով ավելի շատ կվաստակի, քան ճապոնական Rakuten ընկերության հետ գործող պայմանագրով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Rakuten-ը տարեկան 55 մլն եվրո է վճարում կատալոնական ակումբին:
«Բարսելոնայի»՝ տնտեսական հարցերի գծով փոխնախագահ Էդուադրդ Ռոմեուն մեկնաբանել է նոր տիտղոսային հովանավորի փնտրտուքների հետ կապված իրավիճակը.
«Մենք չենք նայում պայմանագրի ներկայիս արժեքին, մենք նայում ենք մինչև համաճարակը եղած արժեքին:Ակնհայտ է, որ այն պետք է ավելի շատ լինի: Նա, ով ցանկանում է իր ընկերության անունը տեսնել մարզաշապիկի վրա, պետք է վճարի: Դա կօգնի մեզ ակումբը շատ արագ կարգի բերել»,- ասել է Ռոմեուն:
«Բարսելոնայի» և Rakuten-ի միջև պայմանագիրը գործում է 2017 թվականից: Պայմանագիրը կնքվել է 4 մրցաշրջանի համար: