Պեկինում 2022 թ-ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ են նախատեսված հոկտեմբերի 5-ից՝ դեկտեմբերի 31-ը: Սպասվում է, որ կմասնակցի շուրջ երկու հազար մարզիկ, ուղեկցող պաշտոնյաներ և տեխնիկական մասնագետներ, գրում է ՀԱՕԿ-ը:
Փորձնական մրցումները տեղի կունենան օլիմպիական երեք բնակավայրում՝ Պեկինում, Չժանցզյակոուում և Յանցինում: Նախատեսված են չմշկասահքի, սքելետոնի, գեղասահքի, սահնակային սպորտի, շորթ տրեկի, հոկեյի, բոբսլեյի, բիաթլոնի, քյոռլինգի և այլ մարզաձևերի մրցումներ:
Միջոցառումները հնարավորություն կտան կազմակերպիչներին ստուգել առաջիկա օլիմպիական խաղերի մարզահամալիրների ընդհանուր վիճակը, ինչպես նաև COVID-19-ի տարածումը կանխելու հակահամաճարակային պայմանների արդյունավետությունը: Հատուկ կանոնակարգ է մշակվել առաջիկա ձմեռային մարզահանդեսի համար: Հաշվի է առնվել Տոկիոյի փորձը և համաշխարհային համաճարակաբանական իրավիճակը:
Օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-ից 13-ը: