ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է այն տեղեկությունը, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է ստանում փարիզյան ակումբում.
«Այդ տվյալները չափազանց հեռու են իրականությունից ինչպես ժամկետների, այնպես էլ թվերի տեսանկյունից: Պայմանագրում այո կա դրույթ հավատարմության համար, բայց կարող եմ ասել, որ նշված գումարը պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ՊՍԺ-ում իր առաջին տարում 30 մլն եվրո կվաստակի: Հաջորդ տարիներին Մեսսիի աշխատավարձը կավելանա 10-ական մլն եվրոյով՝ շնորհիվ հավատարմության համար նախատեսված բոնուսների, որոնք կակտիվանան, եթե Մեսսին մնա ՊՍԺ-ում երկրորդ և երրորդ մրցաշրջաններում ևս:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 2 հանդիպման է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: