27-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը ֆուտբոլիստին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում՝ տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով՝ գումարած 1 մլն եվրո որպես բոնուս։ Ֆուտբոլիստը մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է ցանկանում, 10 մլն եվրո աշխատավարձ և 2 մլն եվրո բոնուս։ Հաղորդվում է, որ այս պահին կողմերը շարունակում են բանակցությունները։
Օգոստոսի կեսերին հաղորդվում էր, որ Դիբալայի գործակալը կարողացել է որոշակի առաջընթաց գրանցել թուրինյան ակումբի ղեկավարների հետ բանակցություններով։ Դիբալան այս պահի դրությամբ մեկ մրցաշրջանի համար 7 մլն եվրո է վաստակում։
Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացին «Յուվենտուս» է տեղափոխվել 2015 թվականին։ Ավելի վաղ նա հանդես է եկել «Պալերմոյում» և «Ինստիտուտոյում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը 50 մլն եվրո է գնահատում։