ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ասել է, որ ակումբը չի միջամտի Կիլիան Մբապեի հեռանալուն «Ռեալ», եթե լինի արժանապատիվ տրանսֆերային առաջարկ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Կիլիան Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», և մենք նրան հետ չենք պահի: Մենք «ոչ» ասացինք Մադրիդի Ռեալի առաջին առաջարկին, բայց եթե մեր պայմանները բավարարվեն, այդ դեպքում կդիտարկենք այն», — մեջբերում է Լեոնարդոյի խոսքերը Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ L’Equipe-ն գրել էր, որ փարիզցիները կհամաձայնեն գործարքին, եթե ֆուտբոլիստի համար առաջարկեն 200 միլիոն եվրո: Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ ամառ:
Երեկ ֆրանսիական TF1-ի լրագրող Ժուլիեն Մեյնարդը հայտնել էր, որ «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է արել Մբապեի տրանսֆերի համար: Ըստ աղբյուրի, 22-ամյա տաղանդի համար «Ռեալն» առաջարկել է 160 մլն եվրո: ՊՍԺ-ն մերժել է այդ առաջարկը։ Ֆրանսիական գրանդում կարծում են, որ «Ռեալը» նոր առաջարկ կանի: