Շարունակվում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որում կայացան 3-րդ տուրի մրցախաղերը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 7 շախմատիստուհիներ։
Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթելով ադրբեջանցի Բալաջաևային: Այս հաղթանակից հետո Դանիելյանը, ևս երեք շախմատիստուհիների հետ միասին, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այս տուրում հաղթանակներ տարան նաև Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Գաբոյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր, Գևորգյանն ու Ղուկասյանը՝ 2-ական միավոր:
Աննա Սարգսյանն առաջին միավորները կորցրեց մրցաշարում՝ խաղալով ոչ-ոքի: Այժմ նա իր ակտիվում ունի 2,5 միավոր։ Իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը այս տուրում պարտություն կրեցին։ Այս պահին Լիլիթն իր ակտիվում ունի 1,5 միավոր, իսկ Մարիամը՝ 1 միավոր:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը անցկացվում է Ռումինիայի Յասի քաղաքում , որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։