Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում պայքարի դուրս կգա օգոստոսի 3-ին։ Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպասիի հետ։
34-ամյա հունգարացին աշխարհի 2016 թվականի չեմպիոն է, 2020 թվականի աշխարհի անհատական առաջնության ոսկե մեդալակիր։
Նշենք՝ Կարեն Ասլանյանի մեկնարկային գոտեմարտը նախանշված է 06:30-ին։
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը դուրս են եկել օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ։