Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ 1/8 եզրափակչում մրցավարների որոշմամբ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է Բաչկովի մենամարտն ու կիսվել տպավորություններով․
«Առաջին ռաունդում մի փոքր ավելի ակտիվ էր Ադրբեջանի ներկայացուցիչը, բայց երկրորդ ռաունդից Բաչկովը տիրեց նախաձեռնությանը և երկու ռաունդում էլ հաղթանակ տարավ։
Երկու-երեք օր կա, կհասցնենք լավագույնս պատրաստվել հաջորդ մենամարտին։ Իսկապես ծանր մենամարտ էր, բայց Բաչկովը պատվով դուրս եկավ»,- ասել է Ռոբերտ Պետրոսյանը։
Օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակչում Բաչկովը օգոստոսի 3-ին կմենամարտի Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։
Գևորգ Ղազարյան՝ Տոկիոյից՝ հատուկ ArmSport-ի համար