VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի հետ և խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Հանդիպումը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց Եղիշե Մելիքյանի թիմի՝ 4-0 հաշվով հաղթանակով: Նշենք՝ ԲԿՄԱ-ն իր նորամուտն էր նշում Հայաստանի Բարձրագույն լիգայում:
Հանդիպման հաշիվը հանդիպման 39-րդ րոպեին բացեց Էդգար Մովսեսյանը՝ խփելով իր առաջին գոլը երևանյան թիմի կազմում:
«Փյունիկի» ֆուտբոլիստները մյուս երեք գոլերը հեղինակեցին արդեն երկրորդ կեսում: 61-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց Կարաբալյոն, 4 րոպե անց բրազիլացի պաշտպան Ժունինյոն, որը ևս իր նորամուտն էր նշում «Փյունիկի» կազմում, երրորդ գնդակն ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը:
66-րդ րոպեին Ժունինյոյի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով դրեց հանդիպման վերջակետը՝ 73-րդ րոպեին դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Ղազարյանն իր առաջին գոլը խփեց «Փյունիկ» վերադառնալուց հետո:
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի թիմն իր առաջին երեք միավորը վաստակեց: Հաջորդ տուրում «Փյունիկը» օգոստոսի 6-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Նորավանքի» կողմից, իսկ ԲԿՄԱ-ն նույն օրը կհյուրընկալվի «Արարատ-Արմենիայի» կողմից: