Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է: Կողմերը մինչև հիմա չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ,
«Մեր լիգայի համար ամենալավ տարբերակը կլինի լավագույններին չկորցնել: Կրիշտիանուին մենք արդեն կորցրել ենք, և ես հույս ունեմ, որ ամբողջ Իսպանիային, և մասնավորապես ֆուտբոլային հանրությունը, կկարողանան վայելել Մեսսիի խաղն այս երկրում: Դրա համար «Բարսելոնան» պետք է լուրջ ջանքեր գործադրի և անի այն ամենն, ինչ պետք է, որպեսզի Լիոնելը խաղա թիմում»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում AS-ը:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի վերջին, սակայն, ամենայն հավանականությամբ, Լեոն նոր պայմանագիր կկնքի կապտանռնագույնների հետ: Կատալոնական ակումբի կազմում 34-ամյա արգենտինացին հանդես է եկել իր ամբողջ կարիերայի ընթացքում: