ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Եվրո-2020-ի կիսաեզրափակչի՝ Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև կայացած խաղի արդյունքում։
Հանդիպումը կայացել է երեկ՝ հուլիսի 7-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում անգլիացիները վիճելի 11-մետրանոց են վաստակել ու հաղթանակի հասել՝ դուրս գալով եզրափակիչ։ 11-մետրանոցի դրվագում անգլիացի երկրպագուները լազերային լույսով փորձել են խանգարել դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելին։ Այդուհանդերձ, Շմեյխելը կարողացել է հետ մղել Հարի Քեյնի հարվածը, սակայն երկրորդ փորձից անգլիացին գրավել է Դանիայի հավաքականի դարպասը։
ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ կազմակերպության ներկայացուցիչները գործ են բացել Անգլիայի դեմ՝ երկրպագուների պահվածքի պատճառով, և կհետաքննեն Շմեյխելի հետ կապված միջադեպը, ինչպես նաև երկրպագուների պահվածքը Դանիայի օրհներգի ժամանակ և նրանց կողմից պիրոտեխնիկայի կիրառումը։