Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի համար Եվրո-2020-ի բացման՝ Թուրքիայի հետ խաղը հոբելյանական էր։ Հանդիպումը, հիշեցնենք, կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվել է իտալացիների՝ 3-0 հաշվով հաղթանակով։
36-ամյա Կյելինիի համար սա Եվրոպայի 4-րդ առաջնությունն է։ Ավելի վաղ նա մասնակցել է նաև 2008-ի, 2012-ի և 2016-ի Եվրոպայի առաջնություններին։ Այսպիսով, նա կրկնել է ազգային ռեկորդը, որը նախկինում պատկանում էր Ջանլուիջի Բուֆոնին և Ալեսանդրո Դել Պիեռոյին։
Իտալիայի հավաքականն առաջին երեք միավորն է վաստակել ու գլխավորում է A խմբի աղյուսակը։ Այս խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները, որոնց միջև խաղը կկայանա այսօր՝ հունիսի 12-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։
Հաջորդ տուրում Թուրքիան հունիսի 16-ին կմրցի Ուելսի հետ, իսկ Իտալիան՝ Շվեյցարիայի։