«Ալ-Սադդ»-ի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հնարավոր հեռանալը․
«Կարծում եմ՝ Մեսսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում», բայց վերջին խոսքն իրենն է։ Նա ընտրություն կատարելու իրավունքը վաստակել է։ Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողն է, և ես հույս ունեմ, որ նա չի փոխի իր որոշումը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ 33-ամյա արգենտինացին իր ամբողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում։ «Բարսելոնայի» կազմում նա չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Նախորդ մրցաշրջանում Մեսսին Իսպանիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։