«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանյոն մեկնաբանել է իր հաճախորդի ապագայի մասին տեղեկությունը․
«Չեմ կարող ոչինչ խոստանալ, հիմա անիմաստ է կանխատեսումներ անելը․ մենք , ինչպես մյուսները, սկզբում ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ապագա է սպասվում ակումբին։ Այս պահին ես դեռ չեմ հանդիպել ակումբի ղեկավարությանը։ Կարծում եմ՝ մենք կտեսնվենք, երբ առաջնությունը ավարտվի։
Այս պահին պայմանագրային ցանկացած բանակցությունը սպասման ռեժիմում է։ Մենք ոչ մի ակումբի հետ կապ չենք հաստատել։ Լաուտարոն «Ինտերի» ֆուտբոլիստ է, նա երկու տարվա գործող պայմանագիր ունի։ Նա երջանիկ է Միլանում , նոր է նվաճել սկուդետոն՝ որպես թիմի առաջատարներից մեկը»,- ասել է Կամանյոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականին արգենտինական «Ռասինգից»՝ 25 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։